четверг, 3 октября 2013 г.

Բյուրականի Սբ. Հովհաննես եկեղեցի


  Բյուրականի Սբ.  Հովհաննես եկեղեցի

 ՀՀ Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրական համայնքը:Բյուրականի հենց կենտրոնում է գտնվում Սբ. Հովհաննես եկեղեցին:Այս ճարտարապետական հուշարձանը 9x21.5 մետր չափերով,միանավ բազիլիկ տիպի եկեղեցի է:
Հուշարձանի դարը:   Ավանդաբար եկեղեցու կառուցումը վերագրվում է Հովհաննես   Ե Դրասխանակերտցի կաթողիկոսին (898-929 թթ.) , սակայն կան լուրջ հիմքեր համարելու, որ  եկեղեցին կառուցվել է նշված ժամանակից էապես վաղ:
<<Եւ դարձեալ  չու  յուղի  անկեալ  չոգաք  մինչեւ  ՚ ի ձեռակերտ  ամրոցիկն իմ Բիւրական, զոր ստացեալն էր իմ գանձի գնոյ,ուր եւ շինեալ  իսկ  էր եկեղեցի  հաստահեղոյս կոփածոյ  քարամբք  պերճապաճոյճ  պճնութեամբ  եւ  նկարակերտ  յօրինուածով՝  եւ  վանս կուսակրօն  միանձնացելոց զնա հաստատեալ >>:
Քննելով այս և այլ վկայություններ,ինչպես նաև  եկեղեցուն վերաբերվող որոշ այլ իրողություններ՝ Ա. Ա. Մանուչարյան հիմնավորում է,որ Բյուրականի Սբ Հովհաննեսը չի կարող լինել Հովհաննես կաթողիկոսի կառուցածը,այլ պետք է լինի Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը,որը  <<վերաշինվել է 7-րդ դարում և բազմիցս  նորոգվել հետագայում>>: 1467 թվականի մի հիշատակարանում Բյուրականը նշվում է որպես վանք     (<<մենարան>>) :Եղել է գրչության կենտրոն. 15-րդ դարում այստեղ է գրվել <<Ժողովածու քերթուածոց>> տաղարանը,ընդօրինակվել է՝<<Հիսուս որդի >> գիրքը: 17-րդ դարի 2-րդ կեսին Հակոբ Դ  Ջուղայեցի կաթողիկոսը  Բյուրականը դարձրել է Էջմիածնի կաթողիկոսության սեփականությունը: 1874 թվականին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը Բյուրականում հիմնել է հայրապետական իր ամառանոցը:        
10-րդ  դարից վաղ կառուցված լինելու մասին են վկայում նաև մի շարք այլ փաստեր:
Թվարկենք դրանցից մի քանիսը.
1. Եկեղեցիու տիպը հատուկ է 4-6-րդ դդ. Եկեղեցիներին:
2. Շենքի պատերը հենվում են եռաստիճան հիմնախարիսխի վրա,  որը նույնպես      հատուկ      է   վաղ շրջանի շինություններին:
3. Խորանն ուղղանկյուն է,որն  ինքնին  շատ սակավադեպ երևույթ է հայ եկեղեցաշինության մեջ,և ուշ շրջանում չի հանդիպում:
4. Խորանի արևելյան մասում առկա է մի որմնախորշ,որը քրիստոնեական եկեղեցու համար անսովոր է (այն նույնիսկ հիմք է հանդիսանում մտածելու,որ շենքը  կարող է կառուցված լինել մինչև քրիստոնեությունը՝  այլ կրոնական նպատակներով):
5. Շենքի ներսում և դրսում  առկա են  բազմաթիվ ճարտարապետական տարրեր (խոյակներ,պսակներ,կամարներ,քիվեր և այլն) , որոնք հիշեցնում են Տեկորի  (4-5-րդ դար), Երերույքի  (5-րդ դար) , Զվարթնոցի (7-րդ դար) , Իշխանի (7-րդ դար)  և այլ եկեղեցիների համապատասխան տարրերը:
6. Եկեղեցու քարերի մի մասի վրա մինչ այժմ պահպանված են վարպետների բազմաթիվ նշաններ,որպիսիք 7-8-րդ դարերից հետո չեն հանդիպում:
7. Շենքը նախապես եղել է կղմինդրածածկ, որի բեկորները պահպանվել են մինչև  1980-ականների վերջին վերականգնումը:
8. Արևելյան ճակատի արտաքին ձևավորման  որոշ տարրեր  հիշեցնում են Աղձքի Արշակունյաց դամբարանի զարդապատկերը (4-րդ դար) :
9. Եկեղեցու պարսպին կից՝  Մայր առվի ափին, գտնվում է 4-7-րդ դդ. Մահարձանի մնացորդներ:
10. Պահպանվել են արևելյան,հյուսիսային և արևմտյան պատուհաններից մի քանիսի քարե ցանցերը,որոնք ևս եզակի են, և չեն հանդիպում 7-րդ դարից հետո:
Նշում: Որպեսզի պատասխանվի այն հարցին, թե որն է Հովհաննես կաթողիկոսի կառուցածը, նշենք, որ ըստ Ա. Ա. Մանուչարյանի հիմնավորման, այն պետք է լինի Բյուրական գյուղի արևելյան  մասում գտվող Արտավազիկ վանքը: Ի հավելումն Մանուչարյանի տեսակետի՝ նշենք   որ այն ձորակը,որի  պռունկին  գտվում  է  Արտավազիկը   կոչվում է  <<Վանքի ձոր>>: Սա ուղղակիորեն վկայում է այն մասին, որ  այն նախապես եղել է վանք: Հովհաննես կաթողիկոսի  վկայությունն էլ հենց վանական միաբանություն հիմնելու մասին է (այլ ոչ թե միայն եկեղեցու) , որը պիտի վերաբերվի Արտավազիկին (Սբ Հովհաննեսը երբեք վանք չի կոչվել՝  ո՛չ  գրավոր, ո՛չ բանավոր աղբյուրներում):
Պատվիրատուն, ճարտարապետը , վարպետը : Քանզի հիմնավորվում է ,որ Հովհաննես  կաթողիկոսը չէր կարող լինել այս եկեղեցու  կառուցողը,ուստի եկեղեցու  պատվիրատուի ,ճարտարապետի և  վարպետների ինքնությունը մնում է անորոշ:
Վիճակը այսօր: Ներկայումս Սբ Հովհաննեսն ամբողջովին վերանորոգված,բարեկարգ վիճակում  գտնվող գործող եկեղեցի է: Սակայն վերականգնման արդյունքն այնպիսին է , որ  որոշ տարրեր չեն համապատասխանում  մեզ հայտնի նախնական  վիճակին: Այսինք՝ ամբողջական վերանորոգման խնդիրը մնում է չլուծված:
Պատմական ակնարկ:  Եկեզեցու շենքը պետք է որ կառուցված լինի ոչ ուշ,քան 4-5-րդ դդ.:Չի բացառվում  նաև շենքի կառուցումը նախաքրիստոնեական շրջանում:Այս դեպքում պետք է ենթադրել , որ շենքը, նախապես լինելով հոթանոսական պաշտամունքային կառույց, Հայոց դարձից հետո վերածվել է եկեղեցու:Եկեղեցին ներքին և արտաքին հադարանքի բազմաթիվ տարրերի  ժամանակագրական  բազմազանությունը վկայում  է այն մասին, որ գոնո մինչև 7-րդ դարը մեկից ավելի  անգամներ ենթարկվել է  նորոգումների: Չի բացառվում , որ նորոգված լինի  նաև Հովհաննես կաթողիկոսի օրոք:Եկեղեցու հարավային պատին պահպանված նվիրատվական  թվագիր արձանագրություը վկայում է,որ  10-րդ դարում Սբ Հովհաննեսը եղել է աշխույժ գործող կրոնական հաստատություն:
Նախքան 7-րդ դարը, շենքի արևելյան կողմում , խորանին կից հավելել են ավանդատներ, որոնք  հյուսիսից և հարավից  դուրս են գալիս շենքի ընդհանուր  ծավալից՝ հատակագծում հաղորդելով շինությանը  T-աձև տեսք: Հարավային ավանդատան միջից եղել է գետնուղի դեպի կից աղբյուր, որը վերջին վերականգնումից հետո  փակվել է: Շենքի հյուսիսային և արևմտյան պատերը արտաքուստ ամրակցված են կրկնապատերով,որոնք  ակնհայտորեն դատելով 17-րդ դարից ոչ վաղ արված հավելումներ են:Եկեղեցու նկատմամբ վերջին լուրջ  տեխնիկական միջամտությունը եղել է1980-ականների վերականգնումը: Այդ ընթացքում համարակալվել,քանդվել ու վերաշինվել է արևելյան պատը ամբողջովին (ընդ որում ,քայքայված քարերը փոխարինվել են նորերով) , և հարավային  պատի որոշ հատվածեր: Քանդվել է հյուսիսային և արևմտյան պատերի կրկնապատի մի մասը, հիմնականում բացվել է արևմտյան պատը իր մուտքով և պատուհաններով: Եկեղեցու տանիքին իրականացվել է սալածածկ: 2007 թ.  Հարավային ավանդատան ծածկի վրա ամրացվել են զանգեր՝ վերածելով այն բաց  զանգակատան: Մինչև այժմ  եկեղեցու  վրա խաչ տեղադրված չէ:
Ճարտարապետական վերլուծություն :  Սբ Հովհաննես եկեղեցու  նախնական հորինվածքը եղել է  ուղղանկյուն հատակագծով՝ շենքի արևելյան կողմից դուրս եկող համարյա քառակուսի խորհանով:Մուտքերը երկուսն են՝ արևմտյան և  հարավային պատերի  կենտրոններում: Աղոթասրահը 2 զույգ  որմնամույթերով բաժանված 3 մասի: Թաղածածկը նստած է կամարներին, որոնք էլ իրենց հերթին հենվում են որմնամույթերին: Վերջիններս վերևի մասում ավարտվում են հոնիական օրդերներով: Հյուսիսային և հարավային պատերին  կից երկուական  որմնամույթերով  գոյանում են 3-ական խորշեր,որոնց ծածկը նստած է այդ մութերը  միացնող՝ եկեղեցու երկայնքով դասավորված կամարներին:
Սբ Հովհաննեսը իր հորինվածքով որոշ նմանություններ ունի Զովունու Պողոս-Պետրոս (5-6-րդ դդ.) եկեղեցուն: Համեմատության կարգով նշենք,որ վերջինս  նույնպես միանավ բազիլիկ է  (որը սակայն հետագայում  վերափոխվել է գմբեթավոր բազիլիկի), հյուսիսային  և հարավային պատերին  ունի  երկուական որմնամույթ: Նմանություն կա նաև  շենքերի   արևելյան հատվածների միջև՝ շենքի ընդհանուր ծավալից դուրս  եկող, արտաքինից  ուղղանկյուն խորանը: Զովունու պարագայում սակայն հետագա հավելումներ  (ավանդատներ)  չկան:
  Քաղաքաշինական վերլուծություն: Եկեղեցին գտնվում է ծովի մակարդակից մոտ 1450 մ բարձրության վրա: Մուտքը դեպի եկեղեցի կազմակերպված է շենքի հարավային կողմից՝ սալածածկ ճանապարհով: Երկար ժամանակ դեպի եկեղեցի տանող ճանապարհը եղել է վատ վիճակում,սակայն 2008 թվականից արդեն կա բարեկարգ ասֆալտե ճանապարհ: Եկեղեցու ոչ մեծ տարածքին կից  են գյուղի բնակիչների տները՝ իրենց  հողատարածքներով, ինչը դժվարություններ կարող է ստեղծել պեղումների համար:Շենքի արևելյան  պատին շատ մոտ գտնվում են տապանաքարեր, որոցից մեկի վրա պատկերված է Կենաց ծառը: Եկեղեցուց դեպի արևելք հոսում է գյուղի Մայր առուն:

Եկեղեցու հիմնախնդիրները:  Սբ. Հովհաննես եկեղեցին ունի մի շարք հիմնախնդիրներ: Դրանցից են՝ տարածքի բարեկարգում,տանիքի մասնակի վերանորոգում,մկրտության մյուռոնաթափի բացակայություն:Քանի որ եկեղեցու տանիքը մասնակիորեն է վերանորոգված,ապա անձրևի  ու ձյան  հետևանքով  եկեղեցում  գոյանում են անձրևաջրեր:Եկեղեցին կարիք ունի  պատարագի ջրամանի ( կոնք),սկիհի, պսակադրության թագերի  ( ճիշտ է եկեղեցին ունի,սակայն անմխիթար վիճակում են գտնվում), և բացակայում է նաև սուրբ սեղանի խաչը: Եկեղեցու առանցքային հարցերից է  ջեռուցման խնդիրը,որ հատկապես դժվարեցնում է ձմռան ամիսներին եկեղեցում պատարագների մատուցումը:Հիմնախնդիրներից կարևոր են  նաև հովվատան հարցը,զգեստապահարանի բացակայությունը, եկեղեցու շրջակայքում եղած հին ցանկապատերը նորերով փոխարինելը:Եկեղեցու շրջակայքում կարելի է տեսնել բազմաթիվ խաչքարեր, որոնք 8-12-րդ դարի  նմուշներ են, սակայն գտնվում են անմխիթար վիճակում, քանի որ չկան պատվանդաններ որոնց վրա կարելի է  տեղադրել խաչքարերը: