Բյուրականի
Սբ. Հովհաննես եկեղեցի
ՀՀ Արագածոտնի
մարզում է գտնվում Բյուրական համայնքը:Բյուրականի հենց կենտրոնում է գտնվում Սբ. Հովհաննես
եկեղեցին:Այս ճարտարապետական հուշարձանը 9x21.5 մետր չափերով,միանավ բազիլիկ տիպի եկեղեցի
է:
Հուշարձանի
դարը: Ավանդաբար եկեղեցու կառուցումը վերագրվում է Հովհաննես Ե Դրասխանակերտցի կաթողիկոսին (898-929 թթ.) ,
սակայն կան լուրջ հիմքեր համարելու, որ եկեղեցին
կառուցվել է նշված ժամանակից էապես վաղ:
<<Եւ
դարձեալ չու յուղի անկեալ չոգաք մինչեւ ՚ ի ձեռակերտ
ամրոցիկն իմ Բիւրական, զոր ստացեալն էր իմ գանձի գնոյ,ուր եւ շինեալ իսկ էր
եկեղեցի հաստահեղոյս կոփածոյ քարամբք
պերճապաճոյճ պճնութեամբ եւ նկարակերտ յօրինուածով՝
եւ վանս կուսակրօն միանձնացելոց զնա հաստատեալ >>:
Քննելով այս և այլ վկայություններ,ինչպես նաև եկեղեցուն վերաբերվող որոշ այլ իրողություններ՝ Ա. Ա. Մանուչարյան հիմնավորում է,որ Բյուրականի
Սբ Հովհաննեսը չի կարող լինել Հովհաննես կաթողիկոսի կառուցածը,այլ պետք է լինի Հայաստանի
հնագույն եկեղեցիներից մեկը,որը <<վերաշինվել է 7-րդ դարում և բազմիցս նորոգվել հետագայում>>: 1467 թվականի
մի հիշատակարանում Բյուրականը նշվում է որպես վանք (<<մենարան>>) :Եղել է գրչության
կենտրոն. 15-րդ դարում այստեղ է գրվել <<Ժողովածու քերթուածոց>> տաղարանը,ընդօրինակվել
է՝<<Հիսուս որդի >> գիրքը: 17-րդ դարի 2-րդ կեսին Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը Բյուրականը դարձրել է Էջմիածնի կաթողիկոսության
սեփականությունը: 1874 թվականին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը Բյուրականում
հիմնել է հայրապետական իր ամառանոցը:
10-րդ դարից
վաղ կառուցված լինելու մասին են վկայում նաև մի շարք այլ փաստեր:
Թվարկենք դրանցից մի քանիսը.
1. Եկեղեցիու տիպը հատուկ է 4-6-րդ դդ. Եկեղեցիներին:
2. Շենքի պատերը հենվում են եռաստիճան հիմնախարիսխի
վրա, որը նույնպես հատուկ է
վաղ շրջանի շինություններին:
3. Խորանն ուղղանկյուն է,որն ինքնին
շատ սակավադեպ երևույթ է հայ եկեղեցաշինության մեջ,և ուշ շրջանում չի հանդիպում:
4. Խորանի արևելյան մասում առկա է մի որմնախորշ,որը
քրիստոնեական եկեղեցու համար անսովոր է (այն նույնիսկ հիմք է հանդիսանում մտածելու,որ
շենքը կարող է կառուցված լինել մինչև քրիստոնեությունը՝ այլ կրոնական նպատակներով):
5. Շենքի ներսում և դրսում առկա են
բազմաթիվ ճարտարապետական տարրեր (խոյակներ,պսակներ,կամարներ,քիվեր և այլն) ,
որոնք հիշեցնում են Տեկորի (4-5-րդ դար), Երերույքի (5-րդ դար) , Զվարթնոցի (7-րդ դար) , Իշխանի
(7-րդ դար) և այլ եկեղեցիների համապատասխան
տարրերը:
6. Եկեղեցու քարերի մի մասի վրա մինչ այժմ պահպանված
են վարպետների բազմաթիվ նշաններ,որպիսիք 7-8-րդ դարերից հետո չեն հանդիպում:
7. Շենքը նախապես եղել է կղմինդրածածկ, որի բեկորները
պահպանվել են մինչև 1980-ականների վերջին վերականգնումը:
8. Արևելյան ճակատի արտաքին ձևավորման որոշ տարրեր
հիշեցնում են Աղձքի Արշակունյաց դամբարանի զարդապատկերը (4-րդ դար) :
9. Եկեղեցու պարսպին կից՝ Մայր առվի ափին, գտնվում է 4-7-րդ դդ. Մահարձանի
մնացորդներ:
10. Պահպանվել են արևելյան,հյուսիսային և արևմտյան
պատուհաններից մի քանիսի քարե ցանցերը,որոնք ևս եզակի են, և չեն հանդիպում 7-րդ դարից
հետո:
Նշում:
Որպեսզի պատասխանվի այն հարցին, թե որն է Հովհաննես կաթողիկոսի կառուցածը, նշենք, որ
ըստ Ա. Ա. Մանուչարյանի հիմնավորման, այն պետք է լինի Բյուրական գյուղի արևելյան մասում գտվող Արտավազիկ վանքը: Ի հավելումն Մանուչարյանի
տեսակետի՝ նշենք որ այն ձորակը,որի պռունկին
գտվում է Արտավազիկը
կոչվում է <<Վանքի ձոր>>: Սա ուղղակիորեն վկայում է այն մասին, որ այն նախապես եղել է վանք: Հովհաննես կաթողիկոսի վկայությունն էլ հենց վանական միաբանություն հիմնելու
մասին է (այլ ոչ թե միայն եկեղեցու) , որը պիտի վերաբերվի Արտավազիկին (Սբ Հովհաննեսը
երբեք վանք չի կոչվել՝ ո՛չ գրավոր,
ո՛չ բանավոր աղբյուրներում):
Պատվիրատուն,
ճարտարապետը ,
վարպետը : Քանզի հիմնավորվում է ,որ Հովհաննես կաթողիկոսը չէր կարող լինել այս եկեղեցու կառուցողը,ուստի եկեղեցու պատվիրատուի ,ճարտարապետի և վարպետների ինքնությունը մնում է անորոշ:
Վիճակը այսօր:
Ներկայումս Սբ Հովհաննեսն ամբողջովին վերանորոգված,բարեկարգ
վիճակում գտնվող գործող եկեղեցի է: Սակայն
վերականգնման արդյունքն այնպիսին է , որ որոշ
տարրեր չեն համապատասխանում մեզ հայտնի նախնական վիճակին: Այսինք՝ ամբողջական վերանորոգման խնդիրը
մնում է չլուծված:
Պատմական
ակնարկ: Եկեզեցու
շենքը պետք է որ կառուցված լինի ոչ ուշ,քան 4-5-րդ դդ.:Չի բացառվում նաև շենքի կառուցումը նախաքրիստոնեական շրջանում:Այս
դեպքում պետք է ենթադրել , որ շենքը, նախապես լինելով հոթանոսական պաշտամունքային կառույց,
Հայոց դարձից հետո վերածվել է եկեղեցու:Եկեղեցին ներքին և արտաքին հադարանքի բազմաթիվ
տարրերի ժամանակագրական բազմազանությունը վկայում է այն մասին, որ գոնո մինչև 7-րդ դարը մեկից ավելի անգամներ ենթարկվել է նորոգումների: Չի բացառվում , որ նորոգված լինի նաև Հովհաննես կաթողիկոսի օրոք:Եկեղեցու հարավային
պատին պահպանված նվիրատվական թվագիր արձանագրություը
վկայում է,որ 10-րդ դարում Սբ Հովհաննեսը եղել
է աշխույժ գործող կրոնական հաստատություն:
Նախքան 7-րդ դարը, շենքի արևելյան կողմում , խորանին
կից հավելել են ավանդատներ, որոնք հյուսիսից
և հարավից դուրս են գալիս շենքի ընդհանուր ծավալից՝ հատակագծում հաղորդելով շինությանը T-աձև
տեսք: Հարավային ավանդատան միջից եղել է գետնուղի դեպի կից աղբյուր, որը վերջին վերականգնումից
հետո փակվել է: Շենքի հյուսիսային և արևմտյան
պատերը արտաքուստ ամրակցված են կրկնապատերով,որոնք ակնհայտորեն դատելով 17-րդ դարից ոչ վաղ արված հավելումներ
են:Եկեղեցու նկատմամբ վերջին լուրջ տեխնիկական
միջամտությունը եղել է1980-ականների վերականգնումը: Այդ ընթացքում համարակալվել,քանդվել
ու վերաշինվել է արևելյան պատը ամբողջովին (ընդ որում ,քայքայված քարերը փոխարինվել
են նորերով) , և հարավային պատի որոշ հատվածեր:
Քանդվել է հյուսիսային և արևմտյան պատերի կրկնապատի մի մասը, հիմնականում բացվել է
արևմտյան պատը իր մուտքով և պատուհաններով: Եկեղեցու տանիքին
իրականացվել է սալածածկ: 2007 թ. Հարավային
ավանդատան ծածկի վրա ամրացվել են զանգեր՝ վերածելով այն բաց զանգակատան: Մինչև այժմ եկեղեցու վրա խաչ տեղադրված չէ:
Ճարտարապետական
վերլուծություն : Սբ
Հովհաննես եկեղեցու նախնական հորինվածքը եղել
է ուղղանկյուն հատակագծով՝ շենքի արևելյան
կողմից դուրս եկող համարյա քառակուսի խորհանով:Մուտքերը երկուսն են՝ արևմտյան և հարավային պատերի կենտրոններում: Աղոթասրահը 2 զույգ որմնամույթերով բաժանված 3 մասի: Թաղածածկը նստած
է կամարներին, որոնք էլ իրենց հերթին հենվում են որմնամույթերին: Վերջիններս վերևի
մասում ավարտվում են հոնիական օրդերներով: Հյուսիսային և հարավային պատերին կից երկուական
որմնամույթերով գոյանում են 3-ական
խորշեր,որոնց ծածկը նստած է այդ մութերը միացնող՝
եկեղեցու երկայնքով դասավորված կամարներին:
Սբ Հովհաննեսը իր հորինվածքով որոշ նմանություններ
ունի Զովունու Պողոս-Պետրոս (5-6-րդ դդ.) եկեղեցուն: Համեմատության կարգով նշենք,որ
վերջինս նույնպես միանավ բազիլիկ է (որը սակայն հետագայում վերափոխվել է գմբեթավոր բազիլիկի), հյուսիսային և հարավային պատերին ունի երկուական
որմնամույթ: Նմանություն կա նաև շենքերի արևելյան հատվածների միջև՝ շենքի ընդհանուր ծավալից
դուրս եկող, արտաքինից ուղղանկյուն խորանը: Զովունու պարագայում սակայն
հետագա հավելումներ (ավանդատներ) չկան:
Քաղաքաշինական վերլուծություն: Եկեղեցին
գտնվում է ծովի մակարդակից մոտ 1450 մ բարձրության վրա: Մուտքը դեպի եկեղեցի կազմակերպված
է շենքի հարավային կողմից՝ սալածածկ ճանապարհով: Երկար ժամանակ դեպի եկեղեցի տանող
ճանապարհը եղել է վատ վիճակում,սակայն 2008 թվականից արդեն կա բարեկարգ ասֆալտե ճանապարհ:
Եկեղեցու ոչ մեծ տարածքին կից են գյուղի բնակիչների
տները՝ իրենց հողատարածքներով, ինչը դժվարություններ
կարող է ստեղծել պեղումների համար:Շենքի արևելյան
պատին շատ մոտ գտնվում են տապանաքարեր, որոցից մեկի վրա պատկերված է Կենաց ծառը:
Եկեղեցուց դեպի արևելք հոսում է գյուղի Մայր առուն:
Եկեղեցու
հիմնախնդիրները: Սբ.
Հովհաննես եկեղեցին ունի մի շարք հիմնախնդիրներ: Դրանցից են՝ տարածքի բարեկարգում,տանիքի
մասնակի վերանորոգում,մկրտության մյուռոնաթափի բացակայություն:Քանի որ եկեղեցու տանիքը
մասնակիորեն է վերանորոգված,ապա անձրևի ու
ձյան հետևանքով եկեղեցում
գոյանում են անձրևաջրեր:Եկեղեցին կարիք ունի պատարագի ջրամանի ( կոնք),սկիհի, պսակադրության
թագերի ( ճիշտ է եկեղեցին ունի,սակայն անմխիթար
վիճակում են գտնվում), և բացակայում է նաև սուրբ սեղանի խաչը: Եկեղեցու առանցքային
հարցերից է ջեռուցման խնդիրը,որ հատկապես դժվարեցնում
է ձմռան ամիսներին եկեղեցում պատարագների մատուցումը:Հիմնախնդիրներից կարևոր են նաև հովվատան հարցը,զգեստապահարանի բացակայությունը,
եկեղեցու շրջակայքում եղած հին ցանկապատերը նորերով փոխարինելը:Եկեղեցու շրջակայքում
կարելի է տեսնել բազմաթիվ խաչքարեր, որոնք 8-12-րդ դարի նմուշներ են, սակայն գտնվում են անմխիթար վիճակում,
քանի որ չկան պատվանդաններ որոնց վրա կարելի է տեղադրել խաչքարերը:
